ՇՆՈՐՀԱՎՈՐ․Հեռու չէ այն օրը, երբ մենք հուլիսի 5–ը կնշենք որպես իրական տոն. «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնություն

ԼՈՒՐԵՐ

Այսօր՝ հուլիսի 5–ին մենք նշում ենք Սահմանադրության օրը։ 1995 թվականի հուլիսի 5–ին համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությունը։ Այն ժամանակ երկրի առաջին մայր օրենքն անցավ քննարկումների ու բանավեճերի բավական հակասական ճանապարհով, ընդունված փաստաթուղթն արժանացավ ոչ միարժեք գնահատականների։ Այդուհանդերձ ՀՀ առաջին Սահմանադրության ընդունումը կարևորագույն քայլ էր պետականության կայացման ու պետության հիմքերի ինստիտուցիոնալացման ճանապարհին։

Հետագա տարիներին կատարված Սահմանադրական փոփոխությունները նույնպես վիճելի էին ինչպես բովանդակային առումով, այնպես էլ ու առավել ևս՝ լեգիտիմության տեսնակյունից։ Ընդհանուր առմամբ, անցած տասնամյակներին Սահմանդրության տեքստում կատարված ցանկացած փոփոխություն հարմարեցվել է պահի իշխանության շահերին ու ենթարկվել ժամանակի քաղաքական կոնյուկտուրային։ Իսկ Սահմանադրությունը, ցավոք, Հայաստանում տասնամյակներ շարունակ, եղել է ամենաշատը ոտնահարված, բռնաբարված իրավական փաստաթուղթը։ Նաև դա է պատճառը, որ դժբախտաբար հուլիսի 5–ը մեր հավաքական գիտակցության մեջ չի արմատավորվել որպես իրական տոն, այն դեպքում, երբ ցանկացած ժողովրդավարական երկրում Սահմանադրության օրը ամենակարևոր տոներից մեկն է։

Օրեր առաջ Ազգային Ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններով սկիզբ դրվեց Հայաստանում արդեն ավելի քան երկու տարի տևող սահմանադրական ճգնաժամի հաղթհարմանը։ Պետք է հույս ունենալ, որ առաջիկայում դատարանակազմության գործընթացը կհանգի իր տրամաբանական ու օրինական ավարտին և մենք կունենանք իարպես անկախ ու արդյունավետ գործող Սահմանադրական դատարան և ընհանուր առմամբ սահմանադրական արդարադատություն։

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը երկրում ժողովրդավարությունը դարձրել է անշրջելի ու անբեկանալի իրողություն։ Իսկ ժողովրդավարական երկրում Սահմանադրությունն է պետության ու պետականության առանցքը, անկյունաքարը, երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը երաշխավորող կարևորագույն ինստիտուտը։ Բնականաբար, անհրաժեշտ է տևական ժամանակ, որպեսզի քաղաքացին տեսնի ու զգա պետության ու իր կյանքում Սահմանադրության ունեցած դերն ու նշանակությունը, դրանով արժևորի երկրի մայր օրենքը ու որպես դրա հետևանք՝ հուլիսի 5–ը համարի իրական տոն։

Քաղաքական գործիչները, քաքական ուժերը պետք է անենք առավելագույնը՝ քաղաքացու արժեհամակարգում այդ՝ սահմանադրականության գիտակցությունն արմատավորելու ու ամրապնդելու համար։ Եվ հեռու չէ այն օրը, երբ մենք հուլիսի 5–ը կնշենք որպես իրական տոն, տոն, որը խորհրդանշում է մեր պետության ու պետականության անցյալը, ներկան ու ամանակարևորը՝ ապագան։

Շնորհավոր Սահմանադրության օրը

«Հանուն Հանրապետության» քաղաքական
նախաձեռնություն

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *