Ես ուղղակի կերազեի, որ մեր դպրոցական տարիներին լիներ Հայոց եկեղեցու պատմություն առարկան․ Նազենի Հովհաննիսյան

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նախկինում լավ ու հեշտ կարդում էի նոտաները: 7 տարի երաժշտական դպրոցի ընթացքին նաև համերգներ էի նվագում` որպես քննություն:

Անցան տարիներ, ու հիմա անհավանական դժվար եմ կարդում նոտաները ու էջից` հանպատրաստի, էլ չեմ նվագում, որովհետև այն ,ինչ չես գործածում` մոռացվում է:

Լեզուն էլ է էդպիսին. միջավայր կա՞, ուրեմն կխոսես ու կվերհիշես, չէ՞, ուրեմն արագ կմոռացվի, նույնիսկ մայրենի լեզուն է մոռացվում, եթե ժամանակին չսնես, այդ լեզվով չկարդաս կամ համապատասխան միջավայրում չապրես: Պիտի խոսես, մտածես, ապրես այդ լեզվով կամ տվյալ լեզվամտածողության մեջ, որ չմեռնի ու մոռացվի: Նույնն էլ Պատմությունը:

Ասածս ի՞նչ է. ես շատ կուզեի մեր ժամանակ դպրոցում անցնեինք նորմալ պատմություն, անցնեինք լիարժեք ու իսկական`համակողմանի իմանալով փաստերը:

Իսկ ես`1998- ին դպրոցն ավարտածս, նույնիսկ չեմ հիշում, որ Հայաստանի կարևորագույն հաղթական փաստերից մեկի` ազգ.ազատագրական շարժման մասին անցնենք,( շատ թռուցիկ ու ոչ խորքային) Արցախի անուն լսենք կամ մեզնից դուրս գտնվող աշխարհի պատմությունն իմանանք:

Մենք հիանալի անցնում էինք Անգլիայի պատմությունը` անգլերենով, որն ամբողջ կյանքում շատ պետք եկավ:( Դպրոցն անգլիական թեքումով էր, թեև ժամերը շատ չէին) ):

Բայց …Տարիներն անցան, ու միայն հետևողականության ու ինքնակրթության շնորհիվ ես սկսեցի էջ առ էջ, փաստ առ փաստ համալրել իմ` հայոց պատմության անհավանական բացերը( հույս էլ չունեմ, որ երբևէ կհասցնեմ իմ ուզած գիտելիքն ունենալ: Ոչ թատերականում նորմալ անցանք, ոչ մինչև էդ էինք մի բան, իսկ եթե պատմությունդ չգիտես, ուրեմն քեզ չգիտես:

Ես ուղղակի կերազեի, որ մեր դպրոցական տարիներին լիներ Հայոց եկեղեցու պատմությունը, որ հիմա` նկարահանման համար մուրացկանի պես պատմության «ցնցոտիներ» չմուրայի վիքիքաղվածքներից ու համացանցից, որ յուրաքանչյուր անգամ մոլորվածի դեմքով չհամեմատեի այս կամ այն փաստը` հասկանալու, թե որն է իրականը, որպեսզի իմ կյանքի ընթացքում ծագած բազում հարցերին ունենայի պատասխաններ: Որպեսզի աշխարհով մեկ շրջելիս կամ Հայաստանում օտարներին հյուրընկալելիս հանգիստ, առանց հորինելու կամ լարվելու, պատմեի իմ Երկրի, եկեղեցու, ավանդույթի,հավատքի թե գրքի պատմությունը: Ի դեպ նույնքան թերի անցել ենք Հայոց ցեղասպանության մասին. Առանց աշխարհաքաղաքական լայնածավալ փաստերի ու միայն վախեցնող էմոցիաներով…. Իսկ սփյուռքի հայկական դպրոցի միջին. վիճ. աշակերտը հաստատ մեզնից խորացված գիտեր այս ամենը:

Եկեղեցին մեր դպրոցն է եղել:

Ի վերջո քաղաքաշինությունից մինչև մշակույթ, դպրություն ու տպագրություն Եկեղեցին իրենով ամփոփել է, կրել ու բերել է մինչև մեր օրեր:

«Համի ուժից» մինչև «Հավատքի ուժ» անհավանական բացահայտումներ ու փաստեր ենք արձանագրել, ճանաչել կամ լրացրել, տարբեր աղբյուրներից ու տարբեր մարդկանցից հազար անգամ հարցնելով ու պարզաբանելով: Մեղավորը մենք ենք, ժամանակին բացթողումն էլ մերն է:

Հիմա քանի կա մեր պատմությունը` ճարտարապետությունից մինչև դպրություն սովորելու ու ճանաչելու, ինչու՞ զրկել պատանուն այդ հնարավորությունից, չեմ հասկանում: Օգտագործում ենք ՔԱ «Քրիստոսից առաջ» ժամանակացույցը, ու ո՞նց ենք դա բացատրում)… դե էն է, Սովետի ժամանակ կոնկրետ մտցրեցին մ.թ.ա-ն, որ հանկարծ Քրիստոսի անունն ավել անգամ չհիշատակվի…. մի՞թե լավ է կամ ճիշտ.. չեմ կարծում:

Մոսկվա Կինոթատրոնի տեղում եղել է կանգուն Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը` Պողոս-Պետրոս եկեղեցին( 5-րդ դար), վերականգնվել է տարբեր ժամանակներում, բայց ի վերջո (19- րդ դարում լիարժեք նորոգ էր) Խորհրդային իշխանության որոշմամբ 30-ականներին հիմնովին ավերվեցին` տեղը կառուցելով <<Մոսկվա>> կինոթատրոնը:

Հիմա ՀԱՐՑ. «Մոսկվա» կինոթատրոնը ոչ իր տեսքով, ոչ իր կառույցով իդեալական չէ, ունի խնդիրներ, բայց չենք քանդում,չէ՞: Որովհետև պատմություն է, թեկուզ քանդած Եկեղեցու վրա հիմնած, բայց արդեն դարերի պատմություն: Քաղաքային կարևոր կետ է ու կոլորիտ:

Սբ. Կաթողիկեն Սովետական Հայաստան եկած ու երկաթե վարագույրի հետևում հայտնված հայրենադարձների համար Հացի պես կարևոր էր, մարդիկ ցեղասպանությանը փախեփախ լինելով ԳԻՐՔ էին բերում իրենց հետ, Աստվածաշունչը, Նարեկը, Շնորհալի… Խաչքար էին բերում սայլին լծած, քարի վրա ամրագրած գիրը` հավատքի: Իսկ մենք ձեռքւ մի թեթև շաժումով պատմությունն ենք «չեղարկում»:
Ուրեմն ՄԻ ՔԱՆԴԵՔ, պատմությունը մի քանդեք, ոչ ազգի, ոչ շենքի, ոչ Երկրի, ոչ մեր հավատքի և ինքնության:

Հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր պիտի անցնենք պատմությունը, որպեսզի մեզ ճանաչենք: Եւ դասավանդման Մեթոդիկայի կամ ուսուցչի «ոչ իդեալական» լինելը երբևէ հիմնավորում չէ առարկան իսպառ վերացնելու համար:

Օպերայի տեղում նախկինում եղել է Գեթսեմանի մատուռը… քանդելիս համարակալել են, որ իբր հետո մի այլ տեղում կառուցեն…հետո այդ քարերը կորան, կորավ նաև հիշողությունը, կորավ պատմությունը…Հետագայում նմանատիպ քանի՞ պատմություն կրկնվեց։

Եվրոպացիները կամ այլ զբոսաշրջիկները, որոնց մոտ հա հպարտանում ենք , մեծ սիրով շրջում են մեր հոգևոր կոթողներով, ընկալելով նրանց թե ճարտարապետական արժեքը, թո հոգևոր, թե պարզապես մշակութային կամ ազգային կոլորիտը: Անգամ մեր արհեստներն են ներաճած եկեղեցու պատմությանն ու ընթացոին. որմնանկարչությունից մինչև գորգագործություն, արծաթագործություն կամ ասեղնագործություն:

Մի՞թե որևէ քար կամ շինություն ինքն իրեն է ստեղծվել: Մարդիկ են պահել ու պահում. ազգը, ժողովուրդը, մեր պատմությունն անգամ քարերի արանքի ցեխաշաղախն անելու կերպի մեջ է, կավի օգտագործման կամ թղթի մշակման ու թերթերն իրար կարելու մեջ…

Եվ որպես վերջաբան. ուղղակի հիշեցնում եմ, որ հայոց գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող, հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ Մեսրոպ Մաշտոցը` Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ էր, իսկ Սահակ Պարթևն Ամենայն հայոց կաթողիկոս(10-րդը) և տոնելի Սուրբ:

Հայ գրականության վերածնության հիմնադիր, հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը` Գրիգոր Նարեկացին է, իր` մեզ տրված Աստվածային պարգև «Մատյան ողբերգություն»-ով ու իր գոյությամբ առահասարակ)

Իսկ երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր բարձրաթռիչ Կոմիտասը` Վարդապետ:
Ցանկը` շարունակելի….

Ներեցեք, շատ երկարեցի…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *