Անելանելի վիճակում հայտնված աներ-փեսա դիմում են արկածախնդրության և կախվում փրփուրներից․․․

ԼՈՒՐԵՐ

Վերջին օրերին աներոջ և փեսայի հրապարակային գործունեությունը վկայում է ընդամենը մեկ իրողության մասին: Նրանք վերջնականապես հասկացել են, որ չեն կարող հույս դնել Հայաստանի հասարակության անգամ մի հատվածի աջակցության վրա: Եվ ինչպես ցանկացած անելանելի վիճակում հայտնված մարդ, դիմում են արկածախնդրության և կախվում փրփուրներից:

Ինչ է անում Մինասյանը: Նա արդեն հասկացել է, որ իրեն լուրջ չեն ընդունում, իր մեղադրանքները շատ արագ հերքվում են: Ըստ էության, նրան չհաջողվեց Փաշինյանին ներգրավել իր հետ ուղիղ բանավեճի մեջ:

Վարչապետը ցուցաբերեց զսպվածություն, տուրք չտվեց գայթակղությանը առանձին և հիմնավոր անդրադառնալու փեսայի գործունեությանը, իսկ այդ ընթացքում հանրությունը սոցիալական ցանցերում պարզապես ոչնչացրեց Մինասյանի քաղաքական հայտը: Այս առումով Մինասյանը անցավ անգամ Վանեցյանին: Առաջինի հանդեպ սոցիալական ցանցերի օգտատերերի հեգնական վերաբերմունքը անհամեմատ ավելի տպավորիչ է, քան Կադիրովի պրոտեժեինը:

Անցած երկու տարիներին Սերժ Սարգսյանը խելամտորեն լռում էր՝ հասկանալով, որ ինչ էլ ասի, միևնույն է՝ հասարակությունը դեռ պատրաստ չէ իրեն լսելու: Բայց մի շարք հանգամանքներ՝ կորոնավիրուսը, Քոչարյանի և Ծառուկյանի ակտիվությունը, Սարգսյանին հանգեցրեցին այն մտայնության, որ ժամանակն է մտնելու խաղի մեջ:

Բայց ինչպես ցանկացած շտապող մարդ, նա սխալվեց: Մինչ այս պահը Սերժ Սարգսյանը ասոցացվում էր կոռուպցիայի, ընտրակեղծարարության, հովանավորչության, բիզնեսներ խլելու և այլ արատավոր երևույթների հետ: Բայց հասարակության առնվազն մի հատվածի մոտ կար համոզմունք՝ կա մի սահման, որ Սերժ Սարգսյանը երբեք չի անցնի: Դա Արցախի հարցում Հայաստանի թշնամիների հետ ունիսոն գործելու սահմանն է: Ըստ էության, իբր պատասխանելով Ալիևին, բայց ամբողջովին հիմնահատակ «ոչնչացնելով» Փաշինյանին, Սարգսյանը անցավ նաև այդ սահմանը:

Եթե նա մի փոքր վստահ լիներ իր ապագայի մասով, ունենար մանևրելու խորքային տարածություն, կդրսևորեր ողջամտություն և հանդես կգար պետական գործչի դիրքերից: Նա կհայտարարեր, որ Ալիևը թող հույս չդնի Հայաստանի ներքաղաքական տարաձայնությունների վրա, որ հայ ժողովուրդը վճռական պահին միավորվելու է օրվա իշխանության շուրջ և հակահարված է տալու ցանկացած ոտնձգության: Դրա փոխարեն, երկիրը 10 տարի ղեկավարած անձը իրեն պահեց Բլոգնյուզի ստատուսչիների նման, չփորձեց անգամ նրանցից մի փոքր տարանջատվել:

Վերջին օրերի Սարգսյանի և Մինասյանի գործունեությունը ընդամենը վկայում է, որ նրանք շատ խառն են, չունեն ապագայի վերաբերյալ ռազմավարություն, այլ շարժվում են օրվա օրակարգով: Սա նաև ապացույցն է, որ ավելի վճռական պահին նրանք պատրաստ են էլ ավելի մեծ համագործակցության այն ուժերի հետ, որոնց ցանկությունն է անդառնալի հարվածներ հասցնել Հայաստանին ու Արցախին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *