Մեծ աղմուկ մանր խուլիգանությունից

ԼՈՒՐԵՐ

«Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության արցախյան այցի առիթով մեծ աղմուկ առաջացրեց ֆեյսբուքյան կեղծ տեղեկատվությունը, ըստ որի, Արցախի նախագահի հետ հանդիպմանը նախաձեռնությունն իբրև թե առաջարկել է արցախյան հարցը դիտարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «պատերազմ, թե խաղաղություն» գաղափարաբանության շրջանակում: Նախաձեռնության հիմնադիրները արագորեն հերքեցին կեղծ տեղեկատվությունը, բայց այն հասցրեց դառնալ «մեծ աղմուկի» առիթ՝ հեռուն գնացող եզրակացություններով:

Այն, որ տեղի ունեցողը ընդամենը կեղծ տեղեկատվության տեսքով մանր խուլիգանություն է, թերևս, չունի հավելյալ ապացույցի կարիք: Մյուս կողմից, իհարկե, հասկանալի է նաև, որ հանրությունը բավականին զգայուն է այդ թեմայի վերաբերյալ, ինչն էլ օգտագործվում է այդպիսի մանր տեղեկատվա-քարոզչական խուլիգանություն իրականացնելու համար՝ քաղաքական հակառակորդների կամ մրցակիցների դեմ պայքարում: Այդ երևույթը Հայաստանում համատարած է և այստեղ, ցավոք սրտի, նոր ժամանակները բերում են ընդամենը նոր տեխնոլոգիաներ խուլիգանության հին բովանդակությունը պարբերաբար թարմացնելու համար:

Ինչ վերաբերում է բուն խնդրին, ապա այստեղ, իհարկե, ամենից դիպուկ արձանագրումը արել է թերևս Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, որն իր հայաստանյան դիվանագիտական առաքելության ավարտին տված հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ «հայ ժողովուրդը դեմ է հող հանձնելուն», մատնացույց անելով, որ Ապրիլյան քառօրյա պատերազմն էլ ցույց տվեց, որ Հայաստանի հանրությունն ունի այդպիսի դիրքորոշման հիմնավոր իրավունք:

Միլսը հայտարարել էր, թե ինչ-որ մարդիկ 25 տարի հավաստիացրել են, թե հայ ժողովուրդը ունի հակառակ կարծիք, բայց ահա պարզվում է, որ այդպես չէ, և հայերը դեմ են հող հանձնելուն: Ովքե՞ր են եղել այն մարդիկ, որ 25 տարի հավատացրել են, թե հայ ժողովուրդը կհամաձայնի տարածք զիջելուն: Դեսպան Միլսը չէր մանրամասնել, թե ովքեր են եղել հավատացնողները, բայց, թերևս, բարդ չէ կռահել: Հավատացրել են գուցե մարդիկ, որոնք այդ 25 տարիներին բանակցել են միջազգային հովանու ներքո, միջազգային ձևաչափերում:

Այդ ենթադրության հիմքն այն է, որ բանակցային գործընթաց ասվածը հենց հիմքից ենթադրել է մի բովանդակություն, որի անքակտելի մաս է դիտարկվել տարածքների հանձնումը: Գործնականում չի եղել որևէ բանակցային բովանդակություն, որում եղած չլինի հենց այդ ասպեկտը: Փոխվել են կարգավիճակի վերաբերյալ մոտեցումները, բայց անփոփոխ է մնացել այն, որ «կարգավորումը» ենթադրել է տարածքի հանձնում: Թվում է, թե դա եղել է այսպես ասած՝ դիվանագիտական հնարք, երբ բանակցության գործընթացում ասվել է մի բան, իսկ իրական կյանքում չկա որևէ հանձնում: Դե ֆակտո այդպես է, այսինքն՝ առ այսօր հանձնված չէ որևէ տարածք:

Բայց ամբողջ հարցն այն է, որ այդ մանր հնարամտությունն իրականում ոչ թե եղել է հօգուտ Հայաստանի, այլ Հայաստանի համար՝ ներառյալ, բնականաբար, Արցախը, ստեղծել է ծուղակ: Ընդ որում՝ թե՛ քաղաքական, թե՛ նաև բարոյահոգեբանական, որովհետև ստեղծել է փաստորեն հայ ժողովրդի մի նկարագիր, որի համաձայն՝ ժողովուրդը եղել է պատրաստ հանձնել իր ծանր գնով ձեռք բերված հաղթանակի և անվտանգության մի մասը: Իսկ ի՞նչ է մտածելու միջազգային որևէ ուժ մի ժողովրդի մասին, որը պատրաստ է հանձնել իր հաղթանակի ու անվտանգության մի մասը: Մտածելու է թերևս ամեն ինչ, բացառությամբ մի բանի՝ որ հնարավոր է այդ ժողովրդի հետ լինել գործընկեր աշխարհաքաղաքական, ռեգիոնալ նշանակության կարևոր հարցերում:

Այլ կերպ ասած, գործնականում հրադադարից ի վեր վարվող բանակցային գործընթացի տրամաբանության և բովանդակության համատեքստում ոչ միայն ստեղծվել են հայկական կողմի համար վտանգավոր դիվանագիտական-քաղաքական ականներ, որոնցից վերջինը, այսպես ասած, Մադրիդյան սկզբունքների փաթեթով, այլ նաև միջազգային մակարդակում կասկածի տակ է դրվել հայ ժողովրդի վարկը՝ որպես իր հաղթանակին տեր կանգնելու պատրաստակամ և հաստատակամ ժողովուրդ: Ըստ էության, հենց այդ մասին էր նաև Միլսի ակնարկը, թե իրականում հայ ժողովուրդը բոլորովին այլ ժողովուրդ է, քան իրենց փորձել էին համոզել ինչ-որ մարդիկ: Բոլորովին այլ ժողովուրդ, որն իր հաղթանակին տեր լինելու հաստատակամությունն ու անձնազոհությունը ցույց տվեց 2016-ի և 2018-ի ապրիլներին:

Հայ ժողովրդի համար չկա պատերազմ, թե խաղաղություն «դիլեմա»: Հայ ժողովրդի համար կա խաղաղություն, որի բանաձևը հաղթանակը պահելու պատերազմին միշտ պատրաստ լինելն ու այդ միջոցով հակառակորդին խաղաղություն պարտադրելն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *